Համացանցում տարածված այս լուսանկարը ինձ էլ դառնացրեց, բայց չզարմացրեց:
Ինչի՞ց ենք զարմանում, պահ, մի խեղճուկրակ քծնող թիրախ է ընկել, գուցե ասում է՝ մի քիչ կամաց գնա, գոզալ, որ գլուխդ պատին չառնի:
33 տարի է սրա մեջ է հայ հասարակությունը՝ վերից-վար, ամենուր ու ամեն տեղ, կառավարությունից մինչև կազմակերպություններ, մինչև դպրոց ու մանկապարտեզ, բակ ու հարևան, ծանոթ- անծանոթ, ընկեր, բարեկամ:
Տեր ու ծառայի իշխող ու ստրկացնող հարաբերություններ են, քչերը կարող են սրա տակից պատվով դուրս գալ մինչև որոշակի՝ քաջնազարներին չդիպչող սահմաններ:
Գրիգոր աղայի ժամանակներն են եկել, բա ի՞նչ էինք ուզում, ով էլ չի կզում՝ աղան տակի դոշակն էլ է քաշում, տուն ու տեղը վերգրում, քաղցած շան պես գցում չոլերը:
Հիշեցի՞ք Փափազյանի «Ժայռը», անցյալ դարերը:
Հայը միշտ էլ սա է եղել՝ փողից հղփացող, փողով ստրկացնող, փող տեսնելիս՝ չոքերը թուլացող, փսլինքը կախող, ամեն սրբություն ոտքի տակ առնող ու խեղճերի ջանին ընկնող:
էն տասը տոկոս չստրկացող, բարձր հայն էլ թող գնա սատկի, լավագույն դեպքում՝ մի հավերժություն անկյունն ընկած ցախավելի պես բանի ու բանի՝ բիրդան աղեքի կա՛մքն է:
Մի տարբերությամբ՝ աղան հիմի կոչվում է տնօրեն ու գործատու՜, իշխան ու իշխանիկ:
«Ժայռը» դիտեք, ժայռը երկնել ու մուկ է ծնել...
Ակամա նորից Սահյանի զրույցն եմ հիշում՝ 92-ին.
«Վայելե՛ք, ձեր երազած ազատ, անկախ երկիրն է»:
Սա էլ քիչ էր, հիմա էլ՝ ժողովրդավարակա՜ն, չէ մի՝ գիտահետազոտակա՜ն...
Փոխվեք, հայեր ջան, քծնելս ու խեղճանալս ո՞րն է: Երկիր ենք կորցնում, գոնե հիմա փոխվեք, էս երկիր հանձնող, փողին գերի աղաների, արտը լափող մկների առաջ մի խեղճացեք:
Ազգ ու երկիր, ժողովուրդ դարձեք:
Մեզ 88-ին խաբեցին, շարժումն այլասերեցին, դուք մի խաբվեք:
Սա ուրի՛շ պատերազմ է:
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս